Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսուհետ կատարվելու են լյարդի մասնահատման վիրահատություններ
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել է կենտրոնի համար բացառիկ՝ լյարդի մեծ ծավալով մասնահատում՝ բաց եղանակով: Վիրահատության ժամանակ հեռացվել է լյարդի մոտ 35 տոկոսը (3 սեգմենտ՝ հարակից հյուսվածներով)։ Ուռուցքը պատել էր նաև մի քանի խոշոր լյարդային անոթներ, որոնք վիրահատության ժամանակ հատվել և փակվել են։
ՈւԱԿ-ի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ղեկաավար Հմայակ Եփրեմյանի խոսքով՝ նման ծավալի վիրահատություն ՈւԱԿ-ում առաջին անգամ է կատարվել։
2019 թվականին 60 տարեկան պացիենտի մոտ Ռուսաստանում ախտորոշվել է հաստ աղու վերին հատվածի ուռուցք, որը հեռացվել է։ 2022 թվականին Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական կենտրոնում հիվանդի մոտ ախտորոշվել է լյարդի գոյացություն, ինչից հետո նա վերադարձել է Հայաստան և դիմել Ուռուցքաբանության ազգային կենտրոն։
ՈւԱԿ-ի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետիք Պետրոսյանի ներկայացմամբ՝ ուռուցքը բավականին մեծ չափեր ուներ՝ 10x9 սմ, և զբաղեցնում էր լյարդի աջ կեսի մեծ մասը։ ՈւԱԿ-ի բժիշկները, գնահատելով պացիենտի վիճակը, որոշեցին կատարել լյարդի մասնահատում։ Մեծ ծավալի պատճառով մասնահատումը կատարվեց բաց եղանակով, բայց հնարավորության դեպքում ՈւԱԿ-ում լյարդի մասնահատումները կկատարվեն նաև լապարոսկոպիկ եղանակով։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները և ներդնել նոր ուղղություններ, որոնցից մեկը լյարդային վիրաբուժությունն է։ Կենտրոնում արդեն իսկ իրականացվում էին լյարդի բիոպսիաներ, լեղածորանների դրենավորումներ, լյարդային անոթների էմբոլիզացիա, ներորովայնային քիմիաթերապիա, միկրոալիքային աբլյացիա և այլ բուժական միջամտություններ։ Լյարդի մասնահատումների հնարավորության ավելացմամբ՝ ամբողջանում է լյարդային վիրաբուժության ծառայությունը: