Ուռուցքային հիվանդների դիսպանսերային հսկողություն․ Ի՞նչ պետք է իմանալ այդ մասին
«Ուռուցքային հիվանդ» հասկացությունը ներառում է ոչ միայն չարորակ նորագոյացություններով և նախաքաղցկեղային հիվանդություններով պացիենտներին, այլև չարորակ ուռուցքներից ապաքինվածներին, քանի որ այդպիսի պացիենտների մոտ առկա է հիվանդության կրկնության կամ նոր գոյացության առաջացման վտանգ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ուռուցքային հիվանդների հստակ հաշվառումը և դիսպանսերային հսկողությունը։
Դիսպանսերային շարունակական հսկողությունը (follow-up) բժշկական ծառայության տեսակ է, որը ներառում է կանոնավոր բուժզննումներ և տարբեր հետազոտություններ՝ պացիենտի վերականգնման գործընթացի մշտադիտարկման, ռեցիդիվի (հիվանդության հնարավոր կրկնության) հայտնաբերման, կողմնակի ազդեցությունների բացահայտման և դրանց բուժման նպատակով:
Ուռուցքային հիվանդների դիսպանսերիզացիան ներառում է հաշվառային փաստաթղթերի լրացում, բազմամասնագիտական թիմի կողմից բուժման ռազմավարության և մարտավարության ընտրություն, հսկողության ժամկետներ և կարգ, հիվանդի և նրա հարազատների հետ աշխատանաքի էթիկական ասպեկտներ։
Ըստ նոր կարգի՝ չարորակ նորագոյացություններով հիվանդները ցմահ գտնվում են դիսպանսերային հսկողության ներքո։ Առավել մեծ է դիսպանսերիզացիայի նշանակությունը արմատական բուժում ստացած պացիենտների համար։
Դիսպանսերային հսկողությունը ճիշտ կազմակերպելու համար քաղցկեղային հիվանդները բաժանվում են կլինիկական խմբերի՝
■ Iա— Չարորակ նորագոյացության կասկածով պացիենտներ;
■ Iբ– Նախաքաղցկեղային հիվանդություններով պացիենտներ;
■ II — Չարորակ նորագոյացություններով հիվանդներ, որոնք պետք է ստանան հատուկ, այդ թվում՝ արմատական բուժում;
■ III — Չարորակ նորագոյացություններից բուժված անձինք;
■ IV — Հիվանդության բարձիթողի վիճակով պացիենտներ, որոնք պետք է ստանան պալիատիվ կամ սիմպտոմատիկ բուժում։
Ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը այդ կլինիկական խմբերի պացիենտների համար․
■ Iա խմբի պացիենտները չարորակ նորագոյացության ախտորաշման հաստատման դեպքում տեղափոխվում են II կամ IV խումբ։
■ Iբ խմբի պացիենտները հատուկ բուժման կարիք ունեն, ինչից հետո դիսպանսերային հահվառման են վերցվում։ 18-24 ամիսների ընթացքում լիակատար առողջացման և ռեցիդիվի բացակայության դեպքում այս խմբի պացիենտները հանվում են հաշվառումից։
■ II խմբի պացիենտները բուժումից հետո տեղափոխվում են III խումբ, իսկ մետաստազների հայտնաբերման դեպքում՝ IV խումբ։
III կլինիկական խմբի դիսպանսեր հսկողությունն ունի հետևյալ ասպեկտները․
■ Չարորակ ուռուցքների ռեցիդիվների և մետաստազների վաղ ախտորոշում;
■ Հակաքաղցկեղային արմատական բուժումից հետո առաջացող խանգարումների հայտնաբերում և շտկում;
■ Ընդհանուր վիճակը բարելավող բուժական միջոցառումների անցկացում;
■ Ուռուցքային հիվանդների աշխատունակության ժամանակավոր կամ մշտական կորստի փորձաքննություն, աշխատունակության վերականգնում;
■ Առաջնային-բազմակի չարորակ ուռուցքների ախտորոշում, քանի որ նոր գոյացության առաջացման ռիսկն այդպիսի հիվանդների մոտ զգալիորեն բարձր է, քան պոպուլյացիայում։
Դիսպանսեր հսկողության ներքո գտնվող պացիենտների հետազոտման հաճախականությունը կախված է բուժման ավարտից հետո անցած ժամանակից․
Արմատական բուժում ստացած պացիենտները պետք է հետազոտվեն․
■ Բուժումից հետո առաջին տարում՝ եռամսյակը մեկ;
■ Երկրորդ և երրորդ տարվա ընթացքում՝ կիսամյակը մեկ;
■ Հետագայում՝ առնվազն տարին մեկ անգամ։
Արմատական բուժումից հետո առաջին երեք տարում պացիենտներն առավել ուշադրության կարիք ունեն այն պատճառով, որ հենց այդ ժամկետում են առաջանում ռեցիդիվների և մետաստազների 70-75 տոկոսը։