ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. մարտի 23-24-ը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է՝ մասնակցելու «Առողջ հասարակություն» խորագրով միջազգային երկօրյա համաժողովին:
Մարտի 23-ին համաժողովի շրջանակում «Քաղցկեղի դեմ պայքարի ժամանակակից մոտեցումները» խորագրով նստաշրջանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որպես ոլորտային էքսպերտ, հանդես է եկել ելույթով։
Նստաշրջանի օրակարգում ներառված էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են առողջապահության թվայնացման և հեռաբժշկության ակտիվ կիրառման տեխնոլոգիաները, մոլեկուլար-գենետիկական ախտորոշման մեթոդների մշակումը, նվազագույն ինվազիվ և օրգանապահպան բուժման հնարավորությունների ընդլայնումը, միջուկային բժշկության ոլորտում անհատական զարգացումների իրականացումը և մի շարք այլ հարցեր: