Էնդոսկոպիկ և սոնոգրաֆիկ հետազոտությունները ուռուցքաբանության մեջ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Էնդոսկոպիայի և ՈՒՁՀ բաժանմունքի վարիչ Լիլիա Առուստամյանի հետ զրուցեցինք բժշկության այս ոլորտում էնդոսկոպիայի և ուլտրաձայնային հետազոտությունների արդիականության, անձնակազմի, աշխատանքային պայմանների, իրենց կողմից կատարվող աշխատանքների մասին:
– Տիկին Առուստամյան, ներկայացրեք, խնդրե՛մ, որքանով է արդիական էնդոսկոպիայի և ուլտրաձայնային հետազոտությունների կիրառումը ժամանակակից ուռուցքաբանության մեջ, այն դեպքում, որ վերջին ժամանակներս առաջարկվում են նորագույն ախտորոշիչ այլ հետազոտություններ:
– Էնդոսկոպիկ հետազոտությունը խոռոչավոր օրգանների ուռուցքների վաղ հայտնաբերման առաջատար եղանակն է, որի առավելություններից կարելի է նշել ինֆորմատիվությունը, անվտանգությունը, հետազոտության պարզությունը և համեմատաբար՝ մատչելիությունը: Այդ ամենը հնարավորություն է տալիս ուռուցքների հայտնաբերման և հիվանդության հսկողության նպատակով այն լայնածավալ կիրառել ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում:
Ուռուցքաբանության մեջ էնդոսկոպիկ հետազոտությունը հնարավորություն է ընձեռում լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնցից են՝ խոռոչավոր օրգանների (շնչառական ուղիներ, աղեստամոքսային և միզասեռական համակարգ) լորձաթաղանթի նախաքաղցքեղային վիճակների նկատմամբ հետազոտությունը և ժամանակին հայտնաբերումը, բժիշկների մշտական հսկողության կարիք ունեցող հիվանդների առանձնացումը, քաղցկեղի փոքր և «թաքնված» ձևերի հայտնաբերումը, բարորակ և չարորակ ուռուցքների տարբերակիչ ախտորոշումը, ուռուցքի տեղային տարածվածության աստիճանը, բուժման արդյունավետությունը: Սնհրաժեշտության դեպքում հետազոտության ժամանակ կատարվում է բիոփսիա:
Էնդոսկոպիան ուռուցքաբանության բնագավառում արդիական եղել է, կա և կլինի: Էնդոսկոպիկ հետազոտությունը սկսվել է կիրառվել դեռևս 18-րդ դարի վերջերից և իր զարգացման ճանապարհին, նոր մեթոդների կիրառումով և գործիքների կատարելագործումով, անցել է մի քանի հաջորդական փուլերով: Այժմ էնդոսկոպիան թևակոխում է թվային տեխնոլոգիաների դարաշրջան:
Թվային էնդոսկոպիան հնարավորություն է տալիս ֆիքսել և պահպանել ինչպես տեսապատկերը, այնպես էլ տեսագրությունը: Օպտիկական ազդանշանը էլեկտրական իմպուլսի փոխվելու շնորհիվ հնարավորություն է ընձեռում մի քանի մասնագետների միաժամանակ մասնակցել էնդոսկոպիկ հետազոտության ընթացքին, մեծացնել տեսապատկերը և պահել այն համակարգչային տվյալների բազայում: Այս ամենին զուգահեռ, զարգանում են բուժական էնդոսկոպիան և էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտությունը:
Ինչ վերաբերում է սոնոգրաֆիային, այդ հետազոտությունը վերջին երեք-չորս տասնամյակում բժշկության մեջ կտրուկ շրջադարձ կատարեց: Այն մարդու օրգանիզմի վրա իր ազդեցությամբ անվտանգ է և, միևնույն ժամանակ, ունի բարձր ինֆորմատիվություն: Այլ ախտորոշիչ մեթոդների համեմատությամբ նա ունի մեծ առավելություն: Սոնոգրաֆիայի անցավ և անվտանգ լինելը թույլ է տալիս կատարել այն բազմիցս, առանց հետազոտության ժամանակի և քանակի սահմանափակման, ինչը հիվանդության ընթացքը դինամիկայում հսկելու հնարավորություն է տալիս:
Սոնոգրաֆիկ հետազոտությամբ հնարավոր է մանրակրկիտ ուսումնասիրել պացիենտի լյարդը, լեղապարկը, փայծաղը, ենթաստամոքսային գեղձը, երիկամները, ավշային հանգույցները, փափուկ հյուսվածքները, արյունատար անոթները, սիրտը և այլն: Ուլտրաձայնի հսկողության տակ կատարվում է նաև ախտորոշիչ բիոփսիա, ինչը հնարավորություն է ընձեռում ճիշտ ախտորոշել և ժամանակին կազմակերպել բուժումը:
– Ի՞նչ ճանապարհ է անցել Էնդոսկոպիայի և սոնոգրաֆիայի բաժանմունքը, ինչպիսի՞ հետազոտություններ եք կատարում, ինչպիսի՞ նյութատեխնիկական բազայով և բուժանձնակազմով եք սպասարկում հիվանդներին:
– Բաժանմունքը գործում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման առաջին իսկ օրվանից: Բաժանմունքը, լինելով Երևանի պետական բժշկական համալսարանի ուսուցողական բազա, հանդիսացել է ուլտրաձայնային հետազոտության և էնդոսկոպիայի մի շարք մասնագետների կրթության դարբնոցը: Բաժանմունքում ներկայում աշխատում են հինգ բարձր որակավորման բժիշկներ:
Էնդոսկոպիկ եղանակով կատարվում են շնչափողի, բրոնխների, քիթ-ըմպանի, կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղու, հաստ աղու, արգանդի վզիկի հետազոտություններ: Սոնոգրաֆիկ ախտորոշման ծավալն իր մեջ ընդգրկում է որովայնի, միզասեռական համակարգի, կրծքագեղձի, վահանաձև գեղձի, փափուկ հյուսվածքների, ավշային հանգույցների, սրտի, ինչպես նաև վերջույթների, որովայնի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտությունը: Հետազոտությունների ներկայացված ծավալն իրականացվում է ճապոնական և եվրոպական արտադրության սարքավորումներով:
– Տիկին Առուստամյան, ի՞նչ խոսքերով կցանկանայիք եզրափակել մեր զրույցը: Ի՞նչ ցանկություններ ունեք:
– Մեր պացիենտներին ցանկանում եմ առողջություն և հորդորում ուշադիր վերաբերվել իրենց առողջությանը: Հիշեցնում եմ, որ պետք չէ խուսափել ուռուցքաբանության կենտրոն դիմելուց: Մասնագիտորեն զննման արդյունքում հիվանդությունը կարող է ժխտվել, իսկ նախաքաղցկեղային հիվանդությունների և քաղցկեղի վաղ փուլում հայտնաբերումը` հիվանդի առողջության գրավականն է: