ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ. ո՞վ է գտնվում ռիսկի խմբում

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չափազանց ագրեսիվ չարորակ ուռուցք է՝ բաղկացած այս օրգանի ցանկացած մասի գեղձային կամ էպիթելային բջիջներից: Որոշ գեների մուտացիայի արդյունքում ենթաստամոքսային գեղձի բջիջները սկսում են անվերահսկելիորեն բաժանվել՝ առաջացնելով ուռուցք, որը կարող է ներաճել հարևան օրգաններ (ստամոքս, աղիներ, լեղածորան) և ճնշել նրանց, ինչպես նաև տարածվել ամբողջ օրագնիզմով՝ արյան և ավշի հոսքով՝ առաջացնելով մետաստազներ:

Ըստ վիճակագրության՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը մեծահասակների բոլոր ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է վեցերորդ տեղը: Ուռուցքային հիվանդությունները հիմնականում ախտահարում են 60 տարեկանն անց մարդկանց և հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:

Այսպիսով, ո՞վ է առաջին հերթին գտնվում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկի խմբում:

Այս հարցին միանշանակ պատասխան դեռևս չկա: Սակայն բժիշկ-ուռուցքաբաններն, այնուամենայնիվ, առանձնացնում են ռիսկի որոշ գործոններ, որոնք կարող են խթանել հիվանդության զարգացմանը: Այդպիսի գործոններ  են սննդակարգում շատ ճարպային և սուր սննդամթերքի առկայությունը, վնասակար սովորությունները (ալկոհոլի չարաշահումը, ծխելը), քրոնիկական պանկրեատիտը, ուռուցքածին նյութերը, ճարպակալումը, շաքարային դիաբետը: Իր դերակատարումն ունի նաև ժառանգական նախատրամադրվածությունը, սակայն, վերջին հաշվով, հիվանդանալ կարող է ցանկացածը:

Ուռուցքային գործընթացքը և կանխատեսումը հիմնականում պայմանավորված է գոյացության հյուսվածաբանական կառուցվածքով: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակը ադենոկարցինոման է: Հազվադեպ է հնարավոր ուռուցքն ինքնուրույն ճանաչել, քանի որ հիվանդության սկիզբը բնութագրվում է ոչ սպեցիֆիկ ախտանիշներով: Երկար ժամանակ այս տեղակայման քաղցկեղն ընթանում է գաղտնի, կարող է լինել միայն համի և հոտի ընկալման խանգարում: Հիվանդության ակնհայտ ախտանիշները հայտնաբերվում են բավականին ուշ ժամկետներում, երբ ուռուցքը հասնում է զգալի չափերի: Հիվանդին անհանգստացնում է որովայնի վերին հատվածներում ցավը, որն ուժեղանում է սննդակարգի խախտման և մեջքի վրա պառկած ժամանակ: Լեղածորանի մեխանիկական ճնշման դեպքում առաջանում է մաշկի, լորձաթաղանթների և սկլերայի դեղնավուն գունավորում, կղանքի գունազրկում, մաշկի քոր: Մեզը դառնում է շագանակագույն:

Ուռուցքը կարող է դրսևորվել նաև աղիների գործունեության խանգարման ձևով՝ ջրիկ կղանք, սրտխառնոց և փսխում: Բարձիթողի դեպքերում որովայնի խոռոչում կուտակվում է մեծ քանակությամբ հեղուկ, կտրուկ նվազում է քաշը, առաջանում է թուլություն, տրամադրության անկում, սակավարյունություն, ախորժակի անկում (հատկապես մսի, ճարպոտ սննդի հանդեպ): Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը բժիշկը կարողանում է հայտնաբերել որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտության, համակարգչային տոմոգրաֆիայի, արյան լաբորատոր հետազոտության, լապարոսկոպիայի միջոցով: Սակայն բջիջների ուռուցքային ծագումը և քաղցկեղի տեսակը կարելի է որոշել միայն բիոպսիայի հիման վրա, որին հաջորդում է հյուսվածաբանական հետազոտությունը:

Ցավոք, ներկայում ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոմայի արդյունավետ բուժումը մնում է կասկածի տակ, այն հնարավոր է միայն հիվանդների ընդամենը 10-15%-ի մոտ: Մնացած դեպքերում ուռուցքի հեռացումը միշտ չէ, որ երաշխավորում է հիվանդի լիարժեք ապաքինում: Գեղձի ադենոկարցինոմայի բուժման հիմքն արմատական վիրահատական միջամտությունն է, որի ընթացքում հեռացվում են ենթաստամոքսային գեղձի մի մասը, տասներկումատնյա աղին, լեղապարկը, ստամոքսի և ընդհանուր լեղածորանի մի մասը, մոտակա ավշային հանգույցները:

Ենթաստամոքսային ուռուցքի առանձնահատկություններից է նաև, որ այն շատ քիչ զգայուն է թե՛ քիմիաթերապիային և թե՛ ճառագայթային բուժմանը: Բացի այդ, ուռուցքի տարածվածության պատճառով հաճախ հնարավոր չէ այն հեռացնել և բժիշկները ստիպված են լինում կատարել միայն մի շարք վիրահատական գործողություններ, որոնք հեշտացնում են լեղու դուրս բերումը և ընդամենը լավացնում են հիվանդի ինքնազգացողությունը:

Ցավոք, հարկ է նշել, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նույնիսկ ժամանակին ախտորոշման և ճիշտ բուժման դեպքում կանխատեսումը հուսադրող չէ: Հիշե՛ք. մարսողության խանգարման ցանկացած ախտանիշ կարող է քաղցկեղի նշան լինել, այդ պատճառով պետք չէ հետաձգել այցը բժշկին: Հատկապես պետք է զգույշ լինեն վնասակար սովորություններ ունեցող միջին և տարեց տղամարդիկ:

Վլադիմիր Խրիշչանովիչ, բժշկական գիտությունների դոկտոր



18-09-2024

Սեփական հյուսվածքի միջոցով վերականգնումն ապահովում է կրծքագեղձի բնական տեսքն ու զգացողությունը

Բարսելոնա քաղաքի «Sant Pau» հիվանդանոցի ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժները փաստում են․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կան համապատասխան մարդկային ռեսուրսներ և սարքավորումներ կրծքագեղձի բարդ

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է