ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարցազրույց Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. Գագիկ Համբարձումյանի հետ

Վերջին տարիներին, անգամ առանց պաշտոնական տվյալների ուսումնասիրության, բոլորիս համար պարզ է, որ ուռուցքային հիվանդությունները` շատ այլ հիվանդությունների հետ, մեծ աճ են գրանցել:

–   Ուռուցքային հիվանդացությունն, իրոք, աճել է և նաև՝ երիտասարդացել ո՛չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Դա, կարծում եմ, ուրբանիզացիայի, հասարակության զարգացման հետ է կապված: Այդ թիվը մեծ է նաև այն պատճառով, որ արդյունավետ բուժման հետևանքով հիվանդները երկար են ապրում ու յուրաքանչյուր անգամ այցելելիս, տվյալ տարում կրկին գրանցվում են: Սակայն, ինչ խոսք, առաջնային հիվանդների թիվը և՛ մեզ մոտ, և՛ արտերկրում աճել է:

–   Ի՞նչ զարգացումներ կան այդ հիվանդությունների ախտորոշումը և ընթացիկ հսկողությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

–   Ախտորոշիչ մեթոդները բավականին լայն տարածում ունեն: Վաղուց բոլորիս հայտնի տոմոգրաֆիկ, հիստոլոգիական և այլ մեթոդներից զատ, 15-20 տարի է, ինչ ներդրվել է օնկոմարկերների որոշումը, ընդ որում, հետազոտությունների ցանկը շարունակում է ավելանալ: Օնկոմարկերների զգայունությունը բավականին բարձր է հատկապես հորմոնակախյալ` կանանց վերականգնողական օրգանների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի ուռուցքների դեպքերում: Շատ հաճախ այդ մեթոդների զգայունության հաշվին է որոշվում՝ ինչպես ավելի ճիշտ սկսել բուժումը. վիրահատությա՞մբ, թե՞ բուժման այլ մեթոդներով՝ հասնելու օնկոմարկերների ցանկալի նվազագույն քանակին, որից հետո միայն վիրահատելու որոշում կայացնել:

–   Փաստորեն, դա այնքան էլ նորություն չէ, եթե տարիներով կիրառվում է: Իսկ նոր այլ մեթոդնե՞ր…

–   Մեզ մոտ արդեն գենետիկական հետազոտություններ են իրականացվում: Ուռուցքի և՛ ֆենոտիպը, և՛ գենոտիպն են որոշում, իսկ մոտ ժամանակներս հնարավոր կլինի նախապես պարզել, թե քիմիաթերապիան կոնկրետ դեպքում որքանով է զգայուն: Դեղորայքի նկատմամբ զգայունությունը կլինիկորեն այնքան էլ նկատելի չէ: Մի բան փաստ է. նույն հաստ աղիքի ուռուցքը՝ մի դեպքում նույն քիմիաթերապիան ազդում է, մյուս դեպքում՝ ոչ: Դա է պատճառը, որ աշխարհում սկսել են ավելի մանրամասն ուսումնասիրել ուռուցքի կենսաբանությունը՝ հասկանալու, ինչով է պայմանավորված: Չէ՞ որ քիմիաթերապիան և մյուս բուժման մեթոդները չափազանց լուրջ ու թանկ միջոցներ են, ուստի հարկ է ի սկզբանե հնարավորինս ճիշտ գնահատել իրականացման նպատակահարմարությունը:

–   Հետազոտություններից որ՞ն է առավել կարևոր՝ գնահատելու բուժման արդյունավետությունը:

–   Կարևոր ցուցանիշ է օնկոմարկերների որոշումը: Վիրահատությունից առաջ օնկոմարկերների ստուգումը գրեթե պարտադիր է, հատկապես հորմոնակախյալ ուռուցքների ժամանակ: Ընդ որում անհրաժեշտ է հենակետային ցուցանիշ ունենալ, ինչն օգնում է կողմորոշվելու վիրահատական եղանակի ընտրությանը դիմելուն, կամ, առահասարակ, դիմելուն: Եթե ցուցանիշը բարձր է, ուրեմն օնկոգործընթացը բավականին ակտիվ է: Այդ դեպքում լրջորեն քննարկվում է, թե ո՞ր մեթոդից է արդյունավետ բուժումն սկսելը: Օնկոմարկերի դերն այս պարագայում մեծ է, որոնք որոշվում են նաև վիրահատությունից առնվազն 2-3 շաբաթ հետո, երբ օրգանիզմը վիրահատության ստրեսներից հանգստանում է, և յուրաքանչյուր քիմիաթերապիայի կուրսից առաջ ու հետո: Արդյունքում հնարավոր է դառնում պարզել՝ որքանով է բուժումն արդյունավետ:

–   Լինո՞ւմ են գործընթացի ակտիվության և հետազոտությունների արդյունքների միջև անհամապատասխանություններ: Լաբորատորիաների մեծ ցանցը դրանց վերահսկողությունն անկասկած դարձնում է դժվար: Որքանո՞վ են վստահելի մարդկային կյանքի համար այդքան կարևոր այդ արդյունքները:

–   Սա ամենադժվար հարցն է: Լաբորատոր ախտորոշիչ ծառայություններում խնդիր է հավաստի տվյալներ տալը: Հարկ է նախապես պարզել՝ որքանով է տվյալ լաբորատորիան վարկանշային: Սա կարևոր է, քանի որ բժիշկը ստիպված է ընդունել հետազոտության արդյունքը որպես փաստ:

–   Անդրադառնանք բուժման հարցերին: Ուռուցքով հիվանդների վիրահատություններ իրականացվում են ո՛չ միայն մասնագիտացված կենտրոններում…

–   Բնականոն դիտարկում է… Դա կապված է հիվանդների ընտրության հետ: Այստեղ հաճախ դեր է խաղում հոգեբանական առումով ուռուցքաբանական կլինիկայից խույս տալը: Հարկ է իրազեկել ազգաբանակչությանը, որ ուռուցքաբանների մոտեցումը վիրաբուժական տեսակետից շատ դեպքերում այլ է, քան ընդհանուր վիրաբուժական ցանցում: Այստեղ խնդիրը միայն ուռուցքը հեռացնելը չէ, հաճախ մասնագիտական արմատական մոտեցում է պահանջվում՝ անատոմիական զոնաների պրակտիկ իմացությամբ: Կարևոր է նաև որոշում կայացնելը՝ ինչի՞ց սկսել. վիրահատությու՞ն, քիմիոթերապի՞ա, թե՞ ճառագայթում: Այսինքն, խոսքը համալիր բուժման մասին է:
Ըստ վիճակագրության ուռուցքաբանության մասնագիտացված կենտրոններում կատարված վիրահատությունները 15-20%-ով առավել արդյունավետ են:

–   Դժվարություններ լինո՞ւմ են առաջնային օջախը ճիշտ որոշելու հարցում:

–   3-5 տոկոս դեպքերում մետաստազների առկայությամբ անգամ հնարավոր չէ գտնել առաջնային օջախը:

–   Որքանո՞վ է կարևոր բուժման ընթացքում հիվանդի ընդհանուր օրգանիզմի վերահսկողությունը: Գաղտնիք չեն քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հետևանքներն ու հնարավոր բարդությունները:

–   Խիստ կարևոր է: Քիմիաթերապիան կարող է լուրջ բարդություններ առաջացնել, ինչի մասին պարտադիր է հիվանդին և հարազատներին տեղեկացնել: Նախքան քիմիաթերապիան անհրաժեշտ է հետազոտել հիվանդին՝ օրգանիզմի տանելիությունը որոշելու: Այդ նպատակով հարկ է պարբերաբար՝ յուրաքանչյուր քիմիաթերապիայից առաջ, ընթացքում և ավարտին, արյան հետազոտություններ իրականացնել, էխոկարդիոգրաֆիա` սրտի վիճակը վերահսկելու, նյարդային համակարգի հետազոտություն՝ նեյրոպաթիկ իրավիճակները հայտնաբերելու և այլն: Իհարկե, կլինիկական նշաններն էլ են հուշում` երբ ինչ անել: Բուժման գործընթացում կարևոր է նաև դեղորայքի ընտրությունը, առավել վստահելի են բրենդային դեղերը:

– Ուռուցքային հիվանդությունների բուժման ծախսերը բավականին բարձր են, և, հաշվի առնելով մեր ազգաբնակչության սոցիալապես ոչ բարվոք վիճակը, կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ խնդիր է դա շատերի համար: Առանց այն էլ ախտորոշման արդյունքում սթրեսի մեջ հայտնված հիվանդը միաժամանակ հայտնվում է նաև բուժման ծախսերը հոգալու անկարողության սթրեսային վիճակում: Ստացվում է, որ ոչ բոլորն ունեն բուժման և ուրեմն` ապրելու իրավունք…

–   Վճարման խնդիրներ, իհարկե, կան: Պետությունն այստեղ իր մասնաբաժիններն ունի և հնարավորինս փորձում է թեթևացնել նրանց վիճակը: Խնդիրն այն է, որ, առհասարակ, բժշկության ոլորտում մատուցվող ծառայությունները գնահատված չեն: Մեր երկրում և նրա սահմաններից դուրս վճարման տարբերությունը կարող է գերազանցել մի քանի անգամ: Եթե գնահատված լինեին, կգործեին վճարման տարբեր եղանակներ: Եղանակներից մեկը հնարավորինս պետության մասնակցությունն է հատկապես սոցիալապես անապահով ընտանիքներին:

–   Ի՞նչ կասեք մասնավոր կլինիկաներում բուժման` քիմիոթերապիայի որակի և դրա հսկողության մասին: Այժմ շատ դժվար է կողմնորոշվել բազմաթիվ կլինիկաների ցանցում, երբ հատկապես բժշկությունից ոչինչ չես հասկանում: Այդ դեպքում սխալները, որոնք կարող են ծանր հետևանքներ ունենալ, այդպես էլ մնում են չհասկացված և չբացահայտված:

–   Մասնագիտացված տարբեր կենտրոնները որքան շատ լինեն, այնքան աշխատանքներն ավելի լավ և դրական արդյունք կունենան: Ինչ վերաբերում է մասնավոր կլինիկաներին, նրանք առաջին հերթին աշխատում են ստանալ ուռուցքաբանական ծառայություն մատուցելու լիցենզիա, որից հետո հրավիրել լիցենզավորված քիմիաթերապևտներ: Անկախ նրանից, մասնավոր կլինիկա է, թե՝ ոչ, Առողջապահության նախարարության (ԱՆ) վերահսկողություն պետք է լինի: Գործում է ԱՆ գլխավոր մասնագետների քիմիաթերապևտների ինստիտուտ, որը վերահսկում է գործառույթները, նաև փորձում կարգավորել դրանք:

–   Մեզ մոտ, որքան գիտեմ, ընդունված չէ հիվանդին տեղեկացնել իր ախտորոշման և վիճակի մասին: Այդ մասին ասվում է միայն հարազատներին: Այդ դեպքում հիվանդի վերաբերմունքն իր առողջական խնդիրներին կարող է լինել ոչ ճիշտ և անլուրջ: Հասուն մարդը միշտ էլ պարտավոր է իր վիճակի մասին հնարավորինս լիարժեք պատկերացում ունենալ և, ըստ այդմ, ծրագրել իր անելիքը…

–   Այս հարցում, իհարկե, հայկական կենսակերպն իր տեղն ունի: Որպես բժիշկ կարող եմ ասել. երբ հիվանդը տեղեկացված է, նրա հետ հեշտ է աշխատել, միանգամից քննարկել բուժման հարցերը, կարողանում ենք ծրագրել ժամանակաչափը: Հիվանդներից շատերը գիտեն ինչի համար են եկել, սակայն խույս են տալիս պարզ խոսելուց: Մոտեցումն անհատական է: Մի բան հստակ է՝ հիվանդին խաբելու իրավունք չունենք: Ընդհանուր առմամբ, բուժման ընթացքում մոտ 90% դեպքերում հիվանդներին պարզ է դառնում իրավիճակը:

–   Այս հիվանդության ախտորոշմանը հիմնականում զուգակցում է դատապարտվածության զգացողություն, եթե անգամ բուժման ճիշտ կազմակերպումը առողջանալու երաշխիքներ տա:

–   Ուռուցքային հիվանդությունը մյուս հիվանդությունների նման ենթակա է բուժման: Ասեմ ավելին. այս հիվանդությունից մահացության տոկոսն ավելի ցածր է, քան սրտային և մի քանի այլ` ոչ ուռուցքային հիվանդություններից, որոնցից, ի դեպ, ոչ-ոք այսքան չի վախենում: Ուռուցքի ախտոշումը բերում է սարսափի մթնոլորտ: Այդ վիճակը փոխելու համար ազգաբնակչության հետ պետք է աշխատել: Ուռուցքային հիվանդությունը վերջնական դատապարտվածության մասին չի խոսում: Նրանք հիվանդներ են, ովքեր նույնպես արդունավետ բուժում կարող են ստանալ, շարունակել ապրել ու աշխատել. խնդիրը ժամանակին դիմելն է:

 Ուշացած դեպքերն, անկասկած, լարվածություն են առաջացնում նաև բժիշկների մոտ, որի պարագայում հաջողության հասնելու համար պետք է օգտագործել ուռուցքաբանության ամբողջ արսենալը` բոլոր մեթոդները և ձեռքերը երբեք վայր չդնել:


16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին

12-09-2024

1 տարի շարունակ մատուցելով լավագույնը․ ՈւԱԿ 3 բաժանմունքներ ամփոփում են 1-ամյա գործունեությունը

1 տարի շարունակ մատուցելով լավագույնըՈւռուցքաբանության ազգային կենտրոնի 3 բաժանմունքներ այսօր դարձան 1 տարեկան․ Ախտորոշիչ ծառայությանը կից ՄՌՏ-ի մասնաշենքը, Անոթային և էնդովասկուլյար
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է