Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով
Մայիսի 26-ին, Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Մելանոմայի օրվա շրջանակներում Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով։
«Մելանոմայի օրը Հայաստանում» միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս բարձրաձայնել խնդրի մասին, հասարակության մեջ ընդլայնել իրազեկվածության մակարդակը, ճիշտ տեղեկատվությունը դարձնել հնարավորինս մատչելի: Ըստ կազմակեպիչների՝ նման հանրային մոտեցումը նպաստում է քաղաքացիների կանխարգելիչ նպատակով բուժզննման մշակույթի ձևավորմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի կանխել մաշկի վրա վտանգավոր գոյացությունների զարգացումը։ Տեղեկացնենք, որ մայիս ամիսը համարվում է մելանոմայի ամիս: Հայաստանը 2016 թվաանից նույնպես միացել է բժշկական օրացույցով նշվող այս միջոցառմանը:
Մելանոմայի առաջացման պատճառների և այդ հիվանդության խնդիրներին հարող հարցերի շուրջ զրուցեցինք Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան-վիրաբույժ Անժելա Հայրապետյանի հետ:
– Մելանոմա հիվանդության ինչպիսի՞ վիճակագրական պատկեր կա այսօր աշխարհում և Հայաստանում:
– Տարեց-տարի ամբողջ աշխարհում հիվանդության աճ է նկատվում: Բարեբախտաբար, Հայաստանին այդ վտանգը չի սպառնում: Տեղեկացնեմ, որ մեր երկրում հիվանդները բժշկին այցելում են բավականին ուշ փուլում, իսկ հիվանդության ավելի վաղ փուլում բուժման արդյունքները լինում են առավել արդյունավետ:
– Որո՞նք են Մելանոմայի առաջացման ռիսկերն ու պատճառները:
– Մելանոման հիվանդության այն տեսակներից է, որն առաջանում է խալերի ձևափոխումից: Խնդրին կարող են նպաստել արևի երկարատև ազդեցությունն ու խալի վնասվելը: Խնդրից խուսափելը շատ դյուրին է: Խալի համար արևի վնասակար ազդեցությունն օրվա ընթացքում ժամը 12:00-16:00 ժամանակահատվածն է: Նկատելի խալի փոփոխության դեպքում պարտադիր է բժշկին դիմելը: Նշյալ ժամանակահատվածում դրսում լինելու պարագայում պետք է օգվել արևի պաշտպանիչ միջոցներից, կրել արևային ակնոց և գլխարկ: Պետք է հնարավորինս խուսափել խալերի վնասվելուց: Խալի անգամ աննշան փոփոխության դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը:
– Խալի ինչիպիսի՞ փոփոխություններն են ուշադրության արժանի:
– Ցանկացած փոփոխություն արժանի է ուշադրության: Մելանոմայի առաջացման հետ կապված գոյություն ունի մեկ հապավում՝ ԳԵՏԱՓ, որն անհրաժեշտ է իմանալ: Գ-գույն. խալի մակերեսը պետք է ունենա մեկ գունային երանգ: Գույնի նկատելի փոփոխությունը, խայտաբղետ երանգները, միաժամանակ մուգ կամ բաց գույների առկայութունն արժանի է ուշադրության: Ե-եզրեր. Սովորաբար, խալի եզրերը լինում են հստակ ընդգծված, իսկ ձևափոխված խալի պարագայում խալի եզրերը դառնում են անհամաչափ: Տ-տրամագիծ. առհասարակ ընդունված էլ, որ մինչև 6 մմ տրամագիծ ունեցող խալն անվտանգ է, իսկ կտրուկ փոփոխության և ծավալի մեծացման դեպքում խնդրին պետք է լուրջ վերաբերվել: Ա-ասիմետրիա. սովորական խալն ունենում է սիմետրիկ ձև, եթե այն մտովի կիսենք երկու մասի՝ աջ և ձախ մասերի սիմետրիկ լինելու պարագայում վտանգ չկա, իսկ սիմետրիկության բացակայութան դեպքում խալն արժանի է ուշադրության: Փ-փոփոխություն. խալի արտաքին փոփոխության դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի օգնությանը: Խալի արյունային արտադրությունն ու խոցային մակերեսը վկայում է չարորակության մասին: Չի կարելի թույլ տալ որպեսզի խալի մակերեսն ունենա նման փոփոխություն:
– Վտանգի ռիսկը կապ ունի՞, թե մարմնի որ հատվածում է խալը:
– Իրականում մարմնի ցանկացած մասում առկա խալը կարող է մելանոմայի ռիսկային խմբում լինել: Մելանոման որպես երևույթ կարող է առաջանալ և՛ առողջ խալի վրա և՛ մարմնի այն հատվածում, որտեղ խալ չկա: Կանանց մոտ խնդիրն ավելի հաճախ հանդիպում է ստորին վերջույթներում, իսկ տղամարդկանց մոտ իրանի՝ հատկապես մեջքի վրա:
– Առհասարակ, կարելի՞ է խալը հեռացնել:
– Երբեմն մելանոմայից խուսափելու միակ ճանապարհը խալի հեռացումն է:
– Մելանոմայի առաջացման համար մաշկի մակերեսից բարձր կամ մաշկի մակերեսին հավասար խալերերից որո՞նք են առավել վտանգավոր:
– Ավելի մուգ գույնի և մաշկին հավասար խալերն ավելի ռիսկային են, թեպետ սա օրինաչափություն չէ և ցանկացած խալի տեսակ իրականում կարող է ձևափոխվել:
– Որո՞նք են հիվանդության ախտորոշման ժամանակակից մոտեցումների պահանջները:
– Առաջնայինն ինքնազննումն է. մարդն ինքը պետք է առաջինը զննի իր խալը և ճանաչի այն: Աշխարհում ընդունված մշակույթ է տարին մեկ անգամ այցելել բժշկին: Ընդունված է ո՛չ միային արտաքին զննումը, այլ նաև խոշորացույցն ու դերմատոսկոպիան: Խոցոտված խալի մակերեսի պարագայում վերցնում ենք մի փոքր կտոր՝ հյուսվածքաբանական հետազոտության համար:
– Ո՞ր տարիքային խումբն է ռիսկային:
– Երբեմն 25-30 տարեկաններն են ռիսկային խմբում և 50-60 տարիքային սահմանը: