Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման փոփոխությունները Հայաստանում
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հարցում թե՛ պատմականորեն, և թե՛ ժամանակակից բժշկագիտության շրջանում, առայժմ, որպես հիմնական մեթոդ, եղել և մնում է վիրահատական միջամտությունը: Ժամանակի ընթացքում ավելացել են քիմիաթերապիան, հորմոնաթերապիան, ճառագայթային բուժումը և այլն:
Շնորհիվ բուժման նոր մեթոդների զարգացման և քաղցկեղի զարգացման նոր տեսությունների, բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել վիրաբուժական մեթոդների առումով. գնալով նվազագույնի են հասցվում վիրահատության ծավալներն՝ ըստ անհրաժեշտության: Անցյալում կար թյուր կարծիք, ըստ որի, անկախ ուռուցքի չափերից, որքան ավելի մեծ տրամագծով հեռացվեն հյուսվածքները, այնքան հիվանդության բուժման արդյունքներն ավելի արդյունավետ կլինեն:
Վիրահատության ծավալը որոշելիս պետք է հաշվի առնել կրծքագեղձի և ուռուցքի չափերը, երբեմն նաև՝ կրծքագեղձի մեջ ուռուցքի տեղակայումը: Ապացուցողական բժշկությունը, որը ներառում է բազմաթիվ բժիշկների և կլինիկաների փորձի ամփոփումը, եկել է եզրահանգման, որ կրծքագեղձն ամբողջությամբ հեռացնելը չի բարելավում բուժման արդյունքները (եթե, իհարկե՛, դրա համար չկան խիստ ցուցումներ, օրինակ՝ կրծքագեղձում մի քանի օջախների առկայությունը): Այսօր նախընտրելի է պարզապես հեռացնել ուռուցքը:
Մինչև 2.5 - 3 սմ ուռուցքի դեպքում, եթե կուրծքը շատ փոքր չէ, կարելի է կրծքագեղձից հեռացնել միայն գոյացությունը (իհարկե՛, առողջ հյուսվածքների սահմաններում), իսկ 3սմ-ից ավելի մեծ չափերի դեպքում ցանկալի է իրականացնել նախավիրահատական բուժում՝ քիմիաթերապիայի կամ, ըստ ցուցումների, հորմոնաթերապիայի միջոցով փոքրացնել ուռուցքը, հասցնել այն հնարավորինս փոքր չափերի, այնուհետև վիրահատել՝ պահպանելով կրծքագեղձը:
Իհարկե՛, նախքան դեղորայքային բուժումը պետք է ուռուցքի բիոպսիա կատարել, մանրամասն տվյալներ ստանալ դրա մասին՝ ճիշտ բուժում անցկացնելու համար: Լինում են դեպքեր, երբ քիմիաթերապիայի ամբողջ կուրսը հիվանդը ստանում է նախավիրահատական շրջանում, և վիրահատությունից հետո մնում է միայն ճառագայթային բուժում իրականացնել: Վերջինս շատ կարևոր նշանակություն ունի օրգանապահպան (այսինքն` կուրծքը չհեռացնելու) վիրահատությունների դեպքում, քանի որ ամրապնդում է տեղային բուժման արդյունավետությունը:
Նշեմ նաև, որ վերջերս սկսել ենք իրականացնել ուռուցքի նշագրում միկրոինվազիվ մեթոդով: Այն արվում է նախավիրահատական շրջանում՝ բիոպսիայի ժամանակ, սոնոգրաֆիայի հսկողության տակ: Այսինքն, ուռուցքի եզրերին կամ անմիջապես նրա մեջ դրվում են հատուկ մետաղից փոքրիկ մարքերներ, որոնք հետագայում պարզ երևում են մամոգրաֆիայի ժամանակ: Դա թույլ է տալիս դեղորայքային բուժման ընթացքում հետևել ուռուցքի չափերի փոփոխվելուն:
Նույնիսկ, եթե ուռուցքն այնքան փոքրանա, որ այլևս չշոշափվի կամ չհայտնաբերվի սոնոգրաֆիայով ու մամոգրաֆիայով, տեղադրված մարքերների շնորհիվ մեզ հայտնի է դառնում առաջնային ուռուցքի տեղակայումը: Իսկ սա շատ կարևոր է օրգանապահպան վիրահատության համար: Այս մեթոդը ես սկսեցի կիրառել Ավստրիայում և Շվեյցարիայում վերապատրաստվելուց հետո: Ցավոք, առայժմ Հայաստանում դա լայն կիրառություն չի ստացել, մինչդեռ ամբողջ աշխարհում այն լայնորեն կիրառվում է: Վիրահատությունից հետո ստացված արդյունքը հսկողության տակ պահելու նպատակով, սովորաբար, ուռուցքը հեռացնելն ուղեկցվում է հյուսվածքաբանական հետազոտության իրականացմանը՝ պարզելու, արդյո՞ք ուռուցքի եզրերը «մաքուր» են, այսինքն՝ զե՞րծ են ուռուցքային բջիջներից: Բացի այդ, վերջերս մեզ մոտ լրացուցիչ ևս մեկ մեթոդ է կիրառվում. հեռացված ուռուցքի շրջանում տեղադրվում են հատուկ մետաղական կլիպսեր, որոնք հետագայում ճառագայթային թերապևտին հստակ ցույց են տալիս ուռուցքի նախկին տեղակայումը:
Սա թույլ է տալիս, որ ճառագայթային թերապիան ավելի դիպուկ և նպատակային լինի, և ճառագայթները հասնեն հենց ուռուցքի հեռացված հատվածին՝ հետագայում դրա կրկնվելուց խուսափելու համար: Կրծքագեղձը պահպանելուց զատ, կարևոր եմ համարում նաև արտաքին էսթետիկ տեսքի պահպանումը: Օնկոպլաստիկայի օրենքներին հետևելով և, պարզապես ճիշտ ու հաճախ ոչ խորամանկ կտրվածքներ կատարելով, կարելի է նվազագույնի հասցնել գեղձի դեֆորմացիան, հմտորեն թաքցնել հետվիրահատական սպին:
Ամբողջ աշխարհում և, ցավոք, նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղն ունի երիտասարդացման միտում, այսինքն, շատանում են այն դեպքերը, երբ հիվանդությունը հանդիպում է ավելի երիտասարդ կանանց շրջանում: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտավորապես 30 տոկոսը հանդիպում է վերարտադրողական, այսինքն՝ ծննդաբերելու հնարավորություն ունեցող տարիքում: Սովորաբար, երիտասարդ կինն ավելի ծանր է տանում կրծքագեղձի կորուստը: Այս ամենը հաշվի առնելով՝ առավել շատ եմ կարևորում քաղցկեղը բուժել առանց կրծքագեղձի հեռացման:
Արթուր Արմենակի Ավետիսյան
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բ.գ.թ.