Նարեկ Մանուկյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ։
Բոլոր ժամանակներում դուք եք դարձրել այս աշխարհը բարի և հիասքանչ, սեր ու կյանք նվիրել, հույս և հավատ ներշնչել, եղել ոգեշնչման և ստեղծարար մղումների աղբյուր։
Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր սերն ու հարգանքը, հաջողություն և առաջընթաց մաղթում մասնագիտական ոլորտում, ձեր ընտանիքներին ցանկանում սեր, խաղաղություն և բարօրություն։ Բայց, որպես բժշկական կենտրոնի տնօրեն, ուզում եմ նաև հիշեցնել, որ այս ամենի գրավականը ձեր առողջությունն է։ Հայ կանայք սովորաբար շատ ուշադիր են իրենց ընտանիքի անդամների, հարազատների առողջության նկատմամբ, բայց ո՛չ սեփականի` մոռանալով, որ իրենց ընտանիքի երջանկությունը պայմանավորված է հենց իրենց երջանկությամբ, որն անհնար է առանց առողջության
Սիրելի՛ կանայք,
եղե՛ք զգոն և ուշադիր ինքներդ ձեր նկատմամբ։ Դրա համար շատ բան հարկավոր չէ՝ ուղղակի հետևել կանխարգելիչ բժշկության կանոններին ու երբեք չհետաձգել բժշկի այցելությունը՝ դրա փոքր-ինչ անհրաժեշտության դեպքում։
Պահպանե՛ք ձեր առողջությունը ձեր սիրելիների և մտերիմների երջանկության, ձեր մասնագիտական հաջողությունների, մեր երկրի բարեկեցության համար։
Թո՛ղ գարնանային այս օրը լույս և հաջողություններ բերի բոլորիդ:
Թո՛ղ միշտ լինեք սիրված ու գնահատված:
Նարեկ Մանուկյան
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն