Ներկայում ՈՒԱԿ-ում կիրառվում է ավելի քան 50 մարկեր
ՈՒԱԿ-ը Հայաստանի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում իմունահյուսվածաքիմիական հետազոտության վրա, որը ուռուցքաբանական հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման ամենաժամանակակից և բարձր տեղեկատվական մեթոդներից է:
Իմունահյուսվածաքիմիական հետազոտությունը հնարավորություն է տալիս որոշել հիստոգենեզը, ուռուցքային բջիջների պրոլիֆերատիվ ակտիվության և անապլազիայի աստիճանը, բնութագրել կանխատեսումը և առաջարկել հիվանդների բուժման համապատասխան եղանակներ: Այն թույլ է տալիս նաև գնահատել ուռուցքային բջիջների աճի տեմպը, քիմիաթերապիայի նկատմամբ ռեակցիան, հորմոնային բուժման հնարավորությունը, ուռուցքի պատասխանն, այսպես կոչված, թիրախային պատրաստուկներին:
Իմունահյուսվածաքիմիական եղանակն ունի լայն հնարավորություններ և հեռանկարներ: Ներկայում ՈՒԱԿ-ի կլինիկաձևաբանական լաբորատորիայում իրականացվում են կանխատեսման և բուժման ռազմավարության ընտրության համար առավել կարևոր և տեղեկատվական հետևյալ մեթոդները.
- ստերոիդ հորմոնների ռեցեպտորների առկայության որոշում (կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ պրոգեստերոնի և էսթրոգենի ռեցեպտորների որոշում),
կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ բջիջներում HER-2/neu էքսպրեսիայի որոշում,
իրականացվում է լիմֆոպրոլիֆերատիվ գործընթացների իմունա-ախտորոշում (հոջկինյան և ոչ հոջկինյան լիմֆոմաների որոշում),
մետաստատիկ ուռուցքների հյուսվածագենետիկական պատկանելիության որոշում (երբ նորագոյացության առաջնային օջախը չի հայտնաբերվել),
չդասակարգված ուռուցքների հյուսվածագենետիկական պատկանելիության որոշում (թույլ է տալիս հստակ որոշել սարկոմայի, լիմֆոմայի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների, ցածր և չտարբերակված ուռուցքների տեսակը):
Չտարբերակված ուռուցքների իմունահյուսվածաքիմիական հետազոտության ժամանակ հաջողվում է պարզել նրանց հյուսվածքային կամ նույնիսկ օրգանային պատկանելիությունը, հաստատել կամ բացառել հետազոտվող նորագոյացության մետաստատիկ բնույթը և հայտնաբերել առաջնային ուռուցքը:
Իմունահյուսվածաքիմիական հետազոտության համար կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ շատ տարիներ առաջ պարաֆինային բլոկներից պատրաստված կտրվածքներ:
Տվյալ հետազոտությունն իրականացվում է առանց հիվանդի ներկայության: Անհրաժեշտ է միայն իրականացված վիրահատական միջամտությունից հետո ներկայացնել պարաֆինային բլոկները և հյուսվածաբանական պատրաստուկների ապակիները:
Այսօր ՈՒԱԿ-ում կիրառվում է ավելի քան 50 մարկեր, սակայն գործունեության այս ոլորտի զարգացման և ընդլայնման համար ջանք չի խնայվում: Այն արտահայտվում է գիտատեխնիկական նորարարություններով, բարձր մասնագիտական անձնակազմի վերապատրաստումներով, ովքեր իմունահյուսվածաքիմիական հետազոտության թեմայով սերտ համագործակցում են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կիևի և Աթենքի գիտահետազոտական կենտրոնների հետ: