ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուռուցքաբանության, վիրաբուժության և բիոպաթոլոգիայի հրատապ խնդիրները քննարկվեցին հայ-ֆրանսիական գիտաժողովում. Հարցազրույց Հ. Գալստյանի հետ

Գուստավ Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Էգերմանի ղեկավարած պատվիրակությունը Երևանում էր գտնվում «Ուռուցքաբանություն, վիրաբուժություն, բիոպաթոլոգիա` ակտուալ  խնդիրներ»  թեմայով գիտաժողովին մասնակցելու նպատակով, որը կայացավ ապրիլի 26-28-ը  Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետները:

Ուռուցքաբանության արդի խնդիրների, ոլորտի նվաճումների և սպասվող ծրագրերի մասին զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի հետ:

–   Պարոն Գալստյան, ի՞նչ պատմություն ունի հայ-ֆրանսիական համագործակցությունը ուռուցքաբանության բնագավառում:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն բ.գ.դ. Հայրապետ Գալստյան–   Ուռուցքաբանության ոլորտում մեր համագործակցությունն 4 տարվա պատմություն ունի: Առաջին հանդիպումը Փարիզի Գուստավ Ռուսիի անվան ուռուցքաբանության կենտրոնի աշխատակիցների հետ եղել է 2009-ին: Դրանից հետո համագործակցության պայմանագիր է կնքվել երկու  հաստատությունների միջև: Մեր առաջին գիտագործնական կոնֆերանսը եղել է 2010-ին, որին մասնակցել են Փարիզի ուռուցքբանության կենտրոնի տնօրենը, տեղակալները և առանձին բաժանմունքների վարիչներ:

–   Ի՞նչ ծրագրերի շրջանակում է համագործակցությունը:

–   Համագործակցությունն իր մեջ ներառում է  բժիշկների, ինժեներների, լաբորանտների վերապատրաստում, սարքավորումների նվիրաբերում: Մեր կենտրոնն արդեն ստացել է բազմաթիվ լաբորատոր սարքավորումներ, ինչը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ դարձնել  հետազոտության արդյունքները:

–   Ո՞րն է գիտաժողովի նպատակը:

–   Թվով 2-րդ կոնֆերանսը մեկնարկել է ապրիլի 26-ին: Զեկուցումներվ հանդես են եկել ինչպես ֆրանսիացի մասնագետները, այնպես էլ  հայ բժիշկները: 4 զեկուցում ներկայացրել են ֆրանսիացիները և 3 զեկուցում մեր մասնագետները: Նպատակն է նոր հետազոտությունների, նոր ձեռքբերումների մասին տեղեկատվություն ստանալ և հնարավորության դեպքում դրանք ներդնել Հայաստանում: Եթե այդ հսկա կառույցի ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս զբաղվել ուռունցքաբանության հիմնարար խնդիրներով,  ապա մենք այդ հնարավորությունը չունենք: Մեր կենտրոնի ուղղվածությունը կիրառական բժշկությունն է:

–   Օգտվելով առիթից`որո՞նք են ուռուցքաբանության նորագույն նվաճումները

–   Նորագույն նվաճումները մեծամասամբ պայմանավորված են ախտորոշիչ նոր սարքերի ձեռքբերումով, որոնց միջոցով մենք կկարողանանք հայտնաբերել ուռունցքներն իրենց զարգացման սկզբնական փուլում: Վերջին տարիներին մենք ձեռք ենք բերել մեծ թվով ախտորոշիչ և բուժական սարքեր, որոնք արդեն կիրառվում են պրակտիկայում: Առաջին փուլի չարորակ ուռուցքների հայտնաբերումը մեր հանրապետությունում հասել է 17%-ի: Դա զգալի ձեռքբերում է մեզ համար: Սակայն, դրան զուգընթաց, բարձր է բարձիթողության տոկոսը: Այն, որ  ուռուցքը առաջին անգամ հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում, պայմանավորված է 3 հիմնական գործոններով: 1-ինը հիվանդների ուշ դիմելիությունն է, 2-րդը` հիվանդության գաղտնի ընթացքը, 3-րդը, որն ավելի ցածր տոկոս է կազմում, բժշկական, տակտիկական սխալները կամ վրիպումները: Այս երեք հիմնական գործոններն են, որ պայմանավորում են բարձիթողության բարձր տոկոսը մեր հանրապետությունում:

–   Իսկ մեր երկրում ցույց տված արդյունքները համեմատելի՞ են արտասահմանյան փորձի հետ:

–   Մեզ մոտ քիչ ավելի բարձր է բարձիթողության տոկոսը, քան եվրոպական զարգացած երկրներում: Մեզ մոտ հասնում է 40%-ի, նրանց մոտ` 33%: Գրեթե նույն պատկերն է, սակայն մեզ համար նշանակություն ունի անգամ մեկ տոկոսի նվազումն այս հարցում:

–   Իսկ ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում ոլորտում, ի՞նչ ծրագրեր կան:

–   Բոլոր ծրագրերը կապված են ֆինանսական ներդրումների հետ: Կցանկանայինք նորագույն սարքավորումներ ունենալ: Արդեն իսկ գործող ծրագրերից է համավճարի գաղափարը: Պետական պատվերի շրջանակում հնարավոր չէ իրականացնել լիարժեք և արդյունավետ բուժում, որովհետև ֆինանսական ներդրումները չեն բավարարում այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են չարորակ ուռուցքով հիվանդի լիարժեք բուժման համար: Պետությունը որքան ֆինանսավորում էր, շարունակում է նույնքան ֆինանսավորել: Շատերի թյուր կարծիքով, երբ համավճարի գաղափարը մտցրեցին առողջապահության ոլորտ, տպավորություն եղավ, որ պետությունը դադարեց ֆինանսավորել: Պետությունը շարունակում է նույն ծավալներով ֆինանսավորել: Ուրիշ հարց է, որ պետությունն ի վիճակի չէ վճարել բուժման ամբողջ ծախսը: Այժմ մեծ թափ են առել ապահովագրական ընկերությունները: Ուրախալի է, որ կան մեծ թվով հիվանդներ, ովքեր ապահովագրված են, և նրանց ախտորոշումն ու բուժումը ֆինանսավորում է ապահովագրական ընկերությունը:

–   Իսկ ովքե՞ր են ազատվում համավճարից:

–   Սոցիալապես անապահով մարդիկ, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները, զինծառայողները, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամները, հայրենական պատերազմի մասնակիցները, բռնադատվածները: Կան մոտ 17 այդպիսի խմբեր, որոնք կոչվում են առանձին, հատուկ խմբեր: Իսկ մանուկների մասին չեմ նշում, որովհետև նրանք մշտապես եղել են պետության հոգածության ներքո:

–   Ի՞նչ ասելիք, խորհուրդ ունեք ուղղված մեր ընթերցողին:

–   Խորհուրդ կտայի տարվա մեջ գոնե մեկ անգամ դիմել բժշկի, հետազոտվել: Դրանով մենք կխթանենք չարորակ ուռուցքների  վաղաժամ հայտնաբերման գործին: Չեն դիմում, և ուշ դիմելիությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ չարորակ ուռուցքները շատ քիչ են հայտնաբերվում իրենց զարգացման վաղ շրջանում: Դրանք ոչ մի հատուկ ախտանշան չունեն, այդ պատճառով էլ պետք է պարբերաբար ստուգվել, հետազոտվել: Անգամ տեսանելի ուռուցքների` մաշկի, կրծքագեղձի, փափուկ հյուսվածքների ուռուցքների դեպքում ևս ուշացած են դիմում: Սա ոչ թե մենթալիտետի, այլ սոցիալական մշակույթի ցածր մակարդակի խնդիր է:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է