Շարունակական կրթություն, նոր գիտելիքներ և առաջադեմ փորձ. ՈւԱԿ մասնագետները մեր կենտրոն բերում են լավագույն միջազգային փորձառությունը
ՈւԱԿ նեֆրոլոգ Մանյա Տիրացույան-Քարամյանը վերադարձել է Իտալիայից՝ ավարտելով մեկամսյա մասնագիտական վերապատրաստում Միլանի երկու հեղինակավոր համալսարանական հիվանդանոցներում՝ «ASST Fatebenefratelli Hospital» և «Luigi Sacco Hospital»։
Վերապատրաստումը կենտրոնացած էր օնկոնեֆրոլոգիայի և դիալիզի արդի մոտեցումների վրա՝ ընդգրկելով ինչպես հեմոդիալիզը, այնպես էլ պերիտոնեալ դիալիզը։
Մանյա Տիրացույան-Քարամյանը գործնական փորձ է ձեռք բերել երկու հիվանդանոցների նեֆրոլոգիայի և դիալիզի բաժանմունքներում, ինչպես նաև օնկոնեֆրոլոգիայի եզակի ամբուլատոր կլինիկայում՝ համադրելով գիտական գիտելիքն ու ամենօրյա կլինիկական աշխատանքը։
Մեկ ամսվա ընթացքում նա մասնակցել է և խորացրել իր հմտությունները հետևյալ ոլորտներում․ նեֆրոլոգիական հիվանդների համապարփակ գնահատում և բուժման անհատական պլանավորում, դիալիզի մեթոդների ճիշտ ընտրություն և հարմարեցում յուրաքանչյուր պացիենտի առանձնահատկություններին, քաղցկեղով հիվանդների մոտ երիկամային բարդությունների կանխարգելում և բուժում, քիմիաթերապիայի դեղաչափերի օպտիմալացում՝ հիմնված ճշգրիտ eGFR-ի վրա, նեֆրոտոքսիկության ու իմունոթերապիայով պայմանավորված վնասների վաղ հայտնաբերում և վերահսկում։
Այս կարևոր փորձառությունը ոչ միայն հարստացրել է նրա մասնագիտական գիտելիքները, այլև ամրապնդել է մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանքի կարողությունները՝ ի նպաստ մեր կենտրոնի պացիենտների առողջության պահպանման և բարելավման։
Մեր մասնագետները շարունակ փորձում են իրենց գիտելիքն ու փորձը համեմատել լավագույն միջազգային չափանիշների հետ՝ ապահովելով որակյալ և ժամանակակից բժշկական ծառայություններ։