Տաջիկստանի ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի մասնագետների համար վերապատրաստման դասընթացի կլինիկական հատվածը կվարի Թաթուլ Սաղաթելյանը
2018թ․ օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 7-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ - МАГАТЭ) և Տաջիկստանի Միջուկային անվտանգության պետական գործակալության կողմից կազմակերպվել էր վերապատրաստման դասընթաց՝ Տաջիկստանի ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի մասնագետների համար։ Դասընթացի կլինիկական հատվածի վարման համար որպես ԱԷՄԳ-ի փորձագետ-դասախոս հրավիրված էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային բաժանմունքի վարիչ բ․գ․թ․ Թաթուլ Սաղաթելյանը։
Դասընթացին մասնակցում էին Տաջիկստանի 2 ուռուցքաբանական կենտրոնների 8 բժիշկներ, 3 բժշկական ֆիզիկոսներ և շուրջ 15 տեխնիկ-լաբորանտներ։ Թ․Սաղաթելյանի կողմից ներկայացվեցին 9 դասախոսություններ՝ նվիրված չարորակ ուռուցքների ճառագայթային բուժման հիմնական հարցերին, տեղի ունեցան բազմաթիվ կլինիկական դեպքերի գործնական քննարկումներ։
ԱԷՄԳ-ի ծրագրերի շրջանակներում ՈՒԱԿ-ի ճառագայթային ուռուցքաբանների համագործակցությունը տաջիկ գործընկերների հետ սկսվել է 2018թ․ գարնանը՝ երբ ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության դեպարտամենտի կողմից մեր մասնագետները ստացան առաջարկ ՈՒԱԿ-ում կազմակերպել 2-3 ամսյա մասնագիտական վերապատրաստրաստումներ Տաջիկստանի տարբեր կենտրոնի ճառագայթային թերապևտների համար։ Արդեն իսկ հաջողությամբ ավարտվել է Սուղդի ուռուցքաբանական կենտրոնի մեկ բժշկի վերապատրաստումը ՈՒԱԿ-ի փորձառու մասնագետների ղեկավարությամբ, նախատեսված է ևս 2 մասնագետների 2-ամսյա վերապատրաստումը, որը կսկսվի 2018թ․ նոյեմբերին։