«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան
«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան
Ի դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ երկինք և գունազարդ մանկություն:
Մեր այսօրվա հերոսը՝ Գեղամը, 9 տարեկան է, փոքրիկ հեքիաթագիր, մի շարք մրցույթների («Կենգուրու», «Իմ ընկեր Ալենը») մասնակից: Չեք հավատա, բայց այս ամենի հետ մեկտեղ նաև պարում է «Գիսաստղ» պարային անսամբլում:
Մեր ծանոթությունը տեղի է ունեցել մայիսին, երբ Գեղամի ծնողները դիմել էին ՈւԱԿ Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք, քանի որ պատահական արված ռենտգենի արդյունքներով նրա մոտ հայտնաբերվել էր աջ բազկոսկրի բարորակ գոյացություն:
ՈւԱԿ հմուտ մասնագետներն իրականացրել են վիրահատական միջամտություն` հեռացվել է գոյացությունը, կատարվել պլաստիկա` արհեստական ոսկրանյութով:
Այս պահին Գեղամը գտնվում է դինամիկ հսկողության ներքո:
Իր հերթական ստուգիչ այցի օրը Գեղամը մեզ չմերժեց և պատասխանեց մեր մի քանի հարցերին:
***
ԻՄ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԸ. հարցազրույց մեր փոքրիկ բարեկամի հետ
⁃ Եթե մի օր կարողանայիր թռչել, ո՞ւր կգնայիր։
⁃ Կթռչեի դեպի տիեզերք:
⁃ Եթե ունենայիր կախարդական փայտիկ, ի՞նչ կփոխեիր աշխարհում։
⁃ Որ բոլոր բալիկները լինեին առողջ, ապրեին խաղաղ երկրում:
⁃ Ո՞ր հեքիաթի հերոսն ես ուզում լինել:
⁃ Հայկ Նահապետը:
⁃ Ի՞նչ կենդանի կցանկանայիր ունենալ՝ որպես լավագույն ընկեր։
⁃ Ես միշտ ուզել եմ շուն ու վերջերս բակից մի շան բերել եմ տուն, և պահում ենք:
⁃ Եթե դու նկարեիր մի նոր հիվանդանոց, ի՞նչ գույներով ու ձևով կստացվեր այն։
⁃ Վառ գույների մեջ կլիներ: Իմ ամենասիրած նարնջագույնով:
⁃ Ի՞նչն է քեզ ամենաշատը ուրախացնում։
⁃ Ամենից շատ ուրախանում եմ իմ ծննդյան օրը: Մեկ էլ, երբ շախմատ եմ նվեր ստանում:
⁃ Երբ մեծանաս, ի՞նչ մասնագետ ես ուզում դառնալ։
⁃ Ուզում եմ դառնալ բժիշկ, որ բոլորին բուժեմ, և հիվանդ մարդ չլինի:
⁃ Եթե գրվեր հեքիաթ քո մասին, ի՞նչ վերնագիր կունենար այն։
⁃ «Իմ ընկերը»:
⁃ Որ օրը կհռչակեիր «Երեխաների լավագույն օրը» և ինչպիսի՞ն կլիներ այդ օրը:
⁃ Տղաների օրը` փետրվարի 23-ը: Կլիներ ընկերների օր` շատ ուրախ և լիքը խաղերով:
Հ.Գ. Այսօր մեր նորաթուխ հեքիաթագիրը մասնակացում է Անգլիական այգում կազմակերպված «Մանկական գրքի փառատոն»-ին, որի ընթացքում, որպես հատուկ հյուր, Գեղամը ներկայացնելու է իր առաջին հեքիաթը` «Աղվեսը»:
Եկեք բոլորով նրան մաղթենք հաջողություն և քաջառողջություն:
Լուսանկարները և նյութը հրապարակվել են ծնողի թույլտվությամբ: