Թվային մամոգրաֆիա. ճշգրիտ ու առողջության համար անվտանգ հետազոտություն
Վերջերս Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական հետազոտության սարքերի թիվը համալրվեց ևս մեկով՝ թվային մամոգրաֆով:
Հետազոտության համար նախատեսված այս սարքը դասվում է ժամանակակից բժշկական սարքավորումների նորագույն տեխնոլոգիաների շարքին: Նոր սերնդի թվային մամոգրաֆն առողջության համար անվտանգ է, իսկ հետազոտության արդյունքները` առավել ճշգրիտ:
Սարքի առավելությունների մասին զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համալիր ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Հասմիկի Դավթյանի հետ:
– Սարքը կոչվում է թվային մամոգրաֆ` տոմոսինթեզով, որը համաշխարհային բժշկագիտության մեջ իր տեսակով նորագույն է:
Թվային մամոգրաֆիան ունի մի շարք առանձնահատկույուններ: Փորձեմ թվարկել:
Թվային մամոգրաֆիայի արդյունքում ստացված պատկերներն առավել մաքուր ու պարզ են, և տոմոսինթեզի ժամանակ ստանում ենք շերտային պատկերներ, ինչը հնարավորություն է տալիս կրծքագեղձի առավել խորքային հետազոտություն իրականացնել:
Հետազոտությանը հիվանդներն ավելի քիչ ժամանակ են տրամադրում, քանի որ ռենտգեն պատկերն անմիջապես հայտնվում է համակարգչի էկրանին` կարճացնելով հետազոտության գործընթացը:
Թվային մամոգրաֆիայի պարագայում`այլ հետազոտության սարքերի համեմատությամբ, ճառագայթումը նվազագույն է:
Սարքի օգնությամբ իրականացվում է կրծքագեղձի ռենտգենյան հետազոտություն՝ հետագայում ապահովելով հետազոտության արխիվները: Սա հնարավորություն է ընձեռում հիվանդի հաջորդ այցելության հետազոտության արդյունքները համակարգչի էկրանին համեմատել նախկինում իրականացված հետազոտությունների հետ:
Փոքր լոկալիզացված գոյացությունների դեպքում սարքը հնարավորություն է տալիս հետազոտության ընթացքում կատարելու նախավիրահատական ասեղային ուղեցույցային նշագրումներ (маркировки), որոնք հետագայում վիրաբույժին և ախտաբանին ցույց են տալիս գոյացության ճշգրիտ տեղակայումը:
Ստացված պատկերների ռենտգեն ինտենսիվությունը փոփոխելով կարելի է մեծացնել կամ փոքրացնել պատկերները:
Ռենտգեն ժապավենները ենթարկվում են մանրակրկիտ ուսումնասիրության ` ի շնորհիվ նրա, որ թվային պատկերները հնարավոր է մեծացնել և արդյունքներն ուսումնասիրել խոշոր պլանով: Թվային մամոգրաֆիայով հնարավոր է արձանագրել պատկերների փոփոխությունները, ինչպես նաև փոփոխել պատկերի գունային ինտենսիվությունը:
Կարևոր է նաև այն փաստը, որ հետազոտությունը բնակչության համար համեմատաբար մատչելի է:
– Տվյալ բժշկական սարքով հետազոտությունը հիվանդության ո՞ր փուրերի համար է նախատեսված:
– Տոմոսինթեզի (շերտային հետազոտություն) շնորհիվ խնդիրը հնարավոր է հայտնաբերել ամենավաղ փուլում:
– Որքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք այս նորագույն սարքով:
– Դեռ մեկ ամիս չկա և արդեն հասցրել ենք զգալ նոր սարքի բոլոր առավելությունները: Այժմ կարողացել ենք է՛լ ավելի վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը, ինչը, միանշանակ, բարձրացնում է բուժման արդյունավետությունը:
– Ձեր խոսքն` ուղղված պացիենտին:
– Հետազոտությունն անցավ է, հետազոտությունն իրականացվում է առանց որևէ պաշտպանիչ հագուստի, կուծքը քիչ է սեղմվում: Այս սարքով հետազոտություն իրականացնելու համար պացիենտի կողմից որևէ նախապայման չի պահանջվում: Խորհուրդ ենք տալիս հետազոտվել առաջին իսկ գանգատների կամ կասկածների դեպքում` խուսափելու հիվանդության բարդություններից:
– Ովքե՞ր կարող են դիմել թվային մամոգրաֆիայով հետազոտության:
– Հատկապես նախադաշտանադադարային տարիքի` քառասուն տարեկանն անց կանայք, քանի որ այդ տարքային փուլից սկսած քաղցկեղի առաջացման ռիսկերը մեծանում են: Կանայք կարող են դիմել նաև կանխարգելիչ հետազոտության նպատակով` առանց բժշկի ցուցումի, և հատկապես այն դեպքերում, երբ ՈՒՁ հետազոտության արդյունքները կասկածելի են:
– Ի՞նչ պարբերականությամբ է թույլատրելի հետազոտությունը:
– Ըստ ընդունված միջազգային ուղեցույցների: Երբեմն ցուցաբերվում է անհատական մոտեցում` ելնելով նախկին նկարների արդյունքներից:
Հետազոտվել կարելի է տարվա ընթացքում մեկ-երկու անգամ: Եթե անգամ բացակայում են գանգատները, քառասունն անց կանանց անրհրաժեշտ է հետազոտվել տարին մեկ անգամ:
– Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց:
– Կարևորեք սեփական առողջությունը և եղեք հետևողական: Սիրեք Ձեզ, սիրելի կանայք: